ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԼԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ/ALEXANDER MALAYAN VISION CENTER
Ցուցադրումներ 1024
Հանդիպում Ալեքսանդր Մալայանի անվան տեսողության վերականգնման կենտրոնի հիմնադիր-տնօրեն Զառա Մալայանի հետ։
Արտաքուստ փխրուն թվացող այս գեղեցիկ կինն իրականում մեծ կամքի տեր, ծայրահեղ ճշտապահ և նրբանկատ ղեկավար է:
16 տարի եղել է Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի փոխտնօրենը, ղեկավարել մի պատասխանատու գործ, որի որակը և արդյունքն անմիջապես կապված էին առողջապահական ծառայությունների կազմակերպման և մատուցման հետ: Տարիներ շարունակ նվիրված լինելով իր աշխատանքին և հավատարիմ մնալով սկզբունքներին՝ որոշել և այսօր իրականացրել է իր վաղեմի ցանկությունը:
-Ի՞նչ առանձնահատկություններ ունի հայր և դուստր աշխատանքը։
-Հայր և դուստր բավականին երկար ժամանակ աշխատել ենք կողք կողքի՝ պապիկիս Սերգեյ Մալայանի անունը կրող կլինիկայում: Դրանք կայացման և պրոֆեսիոնալ աշխատանքի հրաշալի տարիներ էին: Կարող է թվալ, թե հեշտ է աշխատել ծնողի հետ, բայց հավատացեք՝ դա այդպես չէ: Շատ պարտավորեցնող է, քանի որ իմ նկատմամբ ավելի պահանջկոտ էր, քան մնացածի: Նա տնօրենն էր, ես՝ փոխտնօրենը, և եթե մյուսներին հնարավոր է ներեր որոշ սխալներ, ինձ սխալվել չէր կարելի: Ես կարգավորում էի հասարակայնության հետ կապերը, վարում կենտրոնի մարքեթինգային ոլորտը, մատակարար կազմակերպությունների հետ գործնական շփումները և այլն: Այդ տարիները կյանքի մեծ դպրոց էին, որտեղ հայրս ինձ փոխանցել է այն արժեքները, որոնցով ինքն էր շարժվում: Իմ մեջ սերմանել է նաև աշխատանքի նկատմամբ պատասխանատվության բարձր զգացում, որը երբեմն չափից շատ է և խանգարում է ավելի հանգիստ ապրել: Թեպետ էմոցիոնալ եմ, բայց հորիցս սովորել եմ լինել համբերատար և այնքան կայուն սթրեսային իրավիճակներում,որ արագ որոշումներ չեմ ընդունում:
-Ե՞րբ ծագեց տեսողության վերականգնման կենտրոն հիմնելու որոշումը:
-Վաղուց ունեի մտադրություն հիմնելու տեսողության վերականգնման կենտրոն, որը կկրեր հորս անունը: Նրա վաստակը շատ մեծ է հայկական ակնաբուժության կայացման գործում: Նրա ստեղծած դպրոցի սաներն այսօր անվանի բժիշկներ են, որ պատվով շարունակում են հորս ստեղծած ակնաբուժական ավանդույթները: Ես շատ էի ցանկանում հիմնել այս կենտրոնը, որի ստեղծման հարցում ինձ օգնեցին իմ ընտանիքը, հատկապես ամուսինս և որդիս, որոնք ամեն հարցում կողքիս են:
-Ինչպե՞ս ընդունեց Ա. Մալայանն իր անունը կրող կենտրոնի բացման որոշման լուրը:
-Հորս նախ շոյեց այդ միտքը, հետո հպարտացավ ինձնով, սակայն իրեն հատուկ լրջությամբ ասաց. «Դու պիտի պատրաստ լինես առաջինը մտնել կլինիկա և ամենավերջինը դուրս գալ այնտեղից, այսինքն պիտի ամեն վայրկյան լինես գործիդ կենտրոնում, մանավանդ սկզբնական փուլում»։ Ես շատ լավ գիտակցում եմ, թե ինչ նկատի ունի, քանի որ հենց այդպիսին էր իր ակտիվ աշխատանքային տարիներին: Ես և քույրս երեխա ժամանակ իրեն տանը գրեթե չէինք տեսնում: Շատ տպավորվեցի նրա այդ խոսքերից: Չափազանց անհանգիստ է նաև կենտրոնի ապագայի հարցերով, և վստահ եմ, որ իր դիպուկ խորհուրդներով կօգնի կարգավորել հնարավոր խնդիրները:
-Ինչպիսի՞ որակներ են հարկավոր հատկապես բժշկական կենտրոն ղեկավարելու համար:
-Ես հակված եմ ցանկացած խնդրի դեպքում նախ վերլուծել իմ քայլերը, քննել նախ ինձ՝ հետո դիմացինին: Նա, ով դադարում է սովորել՝ դադարում է լինել: Հատկապես մեր ժամանակաշրջանում, երբ համացանցի միջոցով հասանելի է տեղեկատվության ահռելի պաշար՝ միշտ պետք է պատրաստ լինել նորը փնտրելուն և յուրացնելուն: Շատ եմ կարևորում նաև պատասխանատվությունը կոլեկտիվի նկատմամբ, նրբանկատությունն ամեն մեկի հանդեպ: Լինել տեղեկացված այն ոլորտի մասին, որով զբաղվում ես, լինել ազնիվ գործընկերների հետ և աշխատել սիրով:
-Ձեր կյանքը կապվում է նոր «հասցեի» հետ, զրոյից սկսում եք նոր կենտրոնի ճանապարհ, ինչպե՞ս եք տեսնում նրա ընթացքը:
-Շատ հուզիչ է նորոգվող ամեն դետալ, սկսած դուռ-պատուհանից՝վերջացրած սարքավորումներով, շինարարական ամբողջ ընթացքից մինչև ավարտը՝ ամուսնուս հետ եղել եմ այստեղ և փայփայում եմ յուրաքանչյուր ներդրում: Այս նոր հասցեն կրում է հորս անունը, և պատկերացնում եք, թե որքա՜ն պարտավորեցնող է: Հույս ունեմ, որ Ալեքսանդր Մալայանի անվան տեսողության վերականգնման կենտրոնը կլինի այն վստահելի բուժհաստատությունը, որը կսպասարկի բարձր մակարդակով և որակով, քանի որ դրա համար ստեղծել ենք բոլոր պայմանները:
-Ի՞նչ ծառայություններ է մատուցում կենտրոնը:
-Նախ տեսողության բարձրակարգ դիագնոստիկ, բուժական և էսթետիկ ծառայություններ, որը թույլ է տալիս ժամանակին կանխել վաղ փուլում գտնվող տեսողական խնդիրները: Աշխատում են երիտասարդ բարձրակարգ մասնագետներ, որոնք ավարտել են Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի օրդինատուրան, ինչպես նաև՝ հրավիրյալ փորձառու ակնաբույժներ: Իրականացվում են բարձրակարգ հետազոտական, առայժմ ոչ բարդ վիրահատական ծառայություններ, ինչպես նաև էսթետիկ միջամտություններ: Կենտրոնը հագեցած է ժամանակակից անհրաժեշտ տեխնիկայով, դեղորայքով, բարձրակարգ մասնագետներով, և այդ ամենը կգործի մեր կարգախոսի ներքո՝ «Ձեր տեսողությունը՝ մեր առաջնահերթությունն է»:
Կենտրոնի մասնագետների հետ կապ հաստատելու համար կարող եք զանգահարել ՝+374 99 583800, +374 94 583802 հեռախոսահամարներով:
Հասցե՝ Ձորափի 4/3,Երևան,Հայաստան